Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Սպասենք առայժմ

Սպասենք առայժմ
02.02.2016 | 00:51

Ահա և ավարտվեց Ամանորով սկսված, Սուրբ ծննդով շարունակված և Հայոց բանակի տոնական օրով եզրափակված հունվարը, որ օրինաչափորեն դարձել է հասարակական-քաղաքական լուրջ իրադարձություններից զերծ իներտ ամիս: Փետրվարն է արդեն, որ նույնպես օրինաչափորեն համարվում է «քաղաքական զարթոնքի» ժամանակահատված: Եվ ուրեմն, ի՞նչ է սպասվում փետրվարին: Բնականաբար՝ ո՛չ իշխանափոխություն, ինչպես իրենք իրենց և քաղաքական ռոմանտիզմից չձերբազատված միամիտներին փորձում են հավատացնել մի խումբ ընդդիմադիր գործիչներ: Ընդամենը՝ լոկալ վերադասավորումներ իշխանական բուրգի միջին և ստորին «հարկաբաժիններում»՝ կոալիցիոն կառավարություն ձևավորելու տեսքով: ՈՒ թեև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ վերջին նիստից հետո լրագրողներին թողեց անորոշության մեջ, ստույգ ոչինչ չասելով սպասվելիք կոալիցիոն կառավարության ձևաչափի մասին, սակայն տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներն արդեն սեփական ձև ու չափն են արել՝ նախարարական «հագուստ պատվիրելով» այսինչ այնինչյանի կամ այնինչ այսինչյանի համար:
«Մամուլը բաշխում է, մամուլը նշանակում է, ազատում է, դա մամուլի խնդիրն է: Ես չեմ պատրաստվում մամուլում հրապարակվող բոլոր հոդվածներին անդրադառնալ, քանի որ դրանք այնքան բազմազան են և բազմաժանր, որ դժվար է պատասխանել: Մենք դռները չենք փակում, համագործակցության կողմնակից քաղաքական ուժ ենք, համագործակցությունը պետք է լինի ծրագրային, գաղափարական և պատասխանատվության շրջանակներում: ՀՅԴ-ի հետ դեռևս քննարկվում է համագործակցության ձևաչափը, գուցե հաջորդ նիստին ձեզ որոշակի զարգացումների մասին ասեմ: Այս պահին ոչինչ վերջնական հստակեցված չէ, պաշտոնների բաշխում, քննարկում, վերջնական որոշում չկա»,- ասել էր Շարմազանովը, հավելելով, թե ասվածը վերաբերում է նաև ԲՀԿ-ի հետ կոալիցիա ձևավորելու հեռանկարին:
Մի կողմ թողնենք խուսափողական այս շեշտադրումները, որոնք ընդամենը մեկ բան են նշանակում՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ կոալիցիոն «բաշիքյարթման» կայացած-պրծած է, և միակ բանը, որ վերջնականապես դեռ չի հստակեցվել՝ նախարարական ու այլ պորտֆելների բաշխման շա՜տ նրբին հարցն է: Ի վերջո, ե՞րբ է ավարտվում կոալիցիոն կառավարություն ձևավորելու ընթացքը, երբ քաղաքական առևտուրն է ավարտվում «տուր, և քեզ կտրվի» հայտնի սկզբունքով: Փաստորեն, առևտուրն ընթացքի մեջ է դեռ, տալիքն ու առնելիքն են համարժեքացվում:
Դե ի՞նչ, սպասենք ՀՀԿ ԳՄ հաջորդ նիստին:
Փետրվարը դեռ նոր է սկսվել:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 10446

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ